22:34:33 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր Շուշան Պետրոսյանի, Ավո Խալաթյանի, Պատրիկ Ֆիորի և այլ հայտնիների ծննդյան օրն է

    06:14 23 Սեպտեմբեր 2014

    Հայ հայտնիերից ովքե՞ր են ծնվել այսօր: Slaq.am-ը ընտրել և ներկայացնում է նրանցից մի քանիսին:

    Շուշան Պետրոսյան: Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում: 1983թ. սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, որից հետո ուսումը շարունակել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում: 1989թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Փարիզում, որից հետո երկու տարի աշխատել է «Արձագանք» թատրոնում` որպես բեմի ու հագուստների ձևավորող: 1991թ. առաջին անգամ ելույթ է ունեցել «Այո» շոու-ծրագրում և դարձել է Հայաստանի Երգի պետական թատրոնի առաջին սերնդի մենեգչուհիներից մեկը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների Հայաստանում և 

    արտերկրում` լավագույն երգչուհուց մինչ հայ երգարվեստի «Դիվա»: 1998թ. «Շուշան Պետրոսյան» անվամբ Օրիոն համաստեղությունում աստղ են կոչվել: 2005թ. արժանացել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչմանը: 2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 2008թ. երգչուհուն շնորհվել է Երևանի քաղաքապետի ոսկե և ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ, թողարկել է 5 ձայնասկավառակ: 2012թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, որի միջոցով նույն թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:


    Ավո Խալաթյան: Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Դերասանուհի Փիրուզա Կոզակյանի որդին է, երգչուհի Նունե Եսայանի ամուսինը: 1998թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան միջնակարգ և Հ.Կոջոյանի անվան արվեստի դպրոցները: 1998-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում` Մ.Ռաֆաելյանի արվեստանոցում: Ուսանողական տարիներից խաղում է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես մյուզիքլի ժանրի դերասան: Կերտել է մի շարք գլխավոր դերեր: Խաղացել է նաև Բ.Բրեխտի «3 գրոշանոց օպերա» ներկայացման մեջ` Երևանի Համազգային թատրոնում, և «Օպերացիա Նեմեսիս» բեմադրությունում` Ն.Դուրյանի թատերախմբում, որտեղ կերտել է Սողոմոն Թեհլերյանի կերպարը: Մասնակցում է նաև մշակութային բազմաթիվ միջոցառումների, հեռուստատեսային մեծամասշտաբ նախագծերի` որպես երգիչ:

     

    Պատրիկ Ֆիորի: Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 23-ին, Մարսելում: Հայրը` Ժակ Շուշանյանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին է: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր «Մամա Կորսիկա» երգով գրավել է 4-րդ տեղը: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: 1998թ. «Սոնի» ընկերության հետ կնքել է պայմանագիր և թողարկել երրորդ «Վերցրու ինձ» ալբոմը: 2000թ. թողել է «Փարիզի աստվածամոր տաճարը» խումբը: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ` Գառու, Լարա Ֆաբիան, Պատրիսիա Կասս, Թինա Արենա, Միմի Մաթի և այլն: Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում: Թողարկել է 10 ձայնասկավառակ:

    Սերգեյ Սմբատյան: Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 13 տարեկան հասակում, լինելով տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր, արժանացել է Գրան Պրի մրցանակի Իտալիայի «Rovere d'Oro» միջազգային մրցույթում: Պատանեկան տարիներից ծավալուն համերգային գործունեություն է իրականացրել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում: 2003թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ուսանել է նաև սիմֆոնիկ դիրիժորություն և ավարտել երկու մասնագիտությամբ: Ներկայումս հանդիսանում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտ: Վարպետության դասընթացներ է անցել Զախար Բրոնի, Գրիգորի Ժիսլինի, Ռուջերիո Ռիչչիի և այլ աշխարհահռչակ ջութակահարների մոտ: 2008թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հրավիրվել է վարպետության դասընթացի մաեստրո Ռիկարդո Մուտիի մոտ: 2005թ. հիմնել և ղեկավարում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը ելույթներ է ունեցել Փարիզի, Բեռլինի, Մոսկվայի, Աբու Դաբիի և այլ քաղաքների հայտնի համերգասրահներում: Համագործակցում է համաշխարհային բեմի կարկառուն ներկայացուցիչների հետ` Վլադիմիր Սպիվակով, Արթուր Փափազյան, Դենիս Մացուև, Ֆրանկ Ֆերնանդես, Ժոաո Դոնատո, Վադիմ Ռեպին, Միշել Լեգրան և բազում այլ հռչակավոր երաժիշտներ:

    Սիլվի: Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցը: 1995-99թթ սովորել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: Հետագայում աշխատել է Մոսկվայի թիվ 829 և Չեխովի անվան միջնակարգ դպրոցներում` որպես անգլերենի ուսուցչուհի: Վերադառնալով Երևան` թողարկել է առաջին ձայասկավառակը` «Կարապների թագուհի»: 2003թ., երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հրավերով, մասնակցել է Սոչիում կայացած համերգի և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի: 2004թ. մասնակցել է Նյու Յորքի «Բիգ Էփլ» մրցանակաբաշխությանը և ստացել մրցանակ: 2007թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակի: Թողարկել է 3 ձայնասկավառակ: Զուգերգերով հանդես է եկել երգիչներ Հարութ Փամբուկչյանի և Բոկայի հետ:

    Գրիգոր Գյարդուշյան: Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 23-ին, Էջմիածնում: 1987թ. ավարտել Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1997թ. հիմնադրել է «Три кита»  կինոընկերությունը, 2008թ.` «Էկրան» պրոդյուսերական կենտրոնը, որի գլխավոր տնօրենն է: Որպես ռեժիսոր` հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Օդային էքսպրես» (1993-2001թթ), «Ծովահենների իշխանություն» (1994թ., 2012թ.), «Բնավորություն տղամարդկանց համար» (1999թ.), «Ամառային սիրավեպ» (2001թ.), «Ռուդը և Սեմը» (2007թ.), «37-րդ սիրավեպը» (2010թ.): Արժանացել է մի քանի կինոմրցանակների տարբեր փառատոներում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս