18:50:33 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գործող 37 ՀԷԿ-երից պատերազմից հետո Արցախի վերահսկողության տակ է մնացել ընդամենը 8-ը

    15:56 5 Մայիս 2021

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողով է ներկայացրել ամենամյա հաղորդում՝ 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Դրանում տնտեսական գործունեության վերաբերյալ նշված է.

     
     

    «Արցախը, լինելով բաց և միաժամանակ փոքր տնտեսություն ունեցող երկիր, 2020 թվականի հենց սկզբից պարտադրված էր դիմակայել նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտաքին աշխարհից բխող սպառնալիքներին: Ձեռնարկվեցին մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, սակայն վարակը չշրջանցեց Արցախը: Կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների հնարավոր չեզոքացումը դարձավ կառավարության օրակարգային խնդիրը: Ելնելով մեր տնտեսվարողներին այդ դժվարին ժամանակշրջանում աջակցելու, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների պատճառով լայն սպառման ապրանքների հնարավոր դեֆիցիտի առաջացման և այլ ռիսկերից բնակչությանը հնարավորինս զերծ պահելու նպատակներից՝ կառավարությունը հստակեցրեց իր գործողությունների ուղղությունները, իրականացվելիք աջակցության միջոցառումներն ու կիրառվող գործիքները:

    Տարվա ընթացքում իրականացվել է նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված 9 ծրագիր, որից 6-ը՝ գյուղատնտեսության ոլորտում: Անհատույց ֆինանսական միջոցներ են հատկացվել ջերմոցային տնտեսություններին, բանջարեղենի, եգիպտացորենի մշակությանը, այգեգործությանը, ոռոգման ժամանա-կակից տեխնոլոգիաների կիրառմանը:

    Աջակցության ծրագրեր են իրականացվել նաև զբոսաշրջության ոլորտում: Ծրագրի շահառուներ են հանդիսացել հյուրանոցները և իջևանատները, զբոսա-վարները, տրանսպորտային ընկերությունները, որոնց հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր 100 տոկոս կանխավճարով՝ հետագայում այդ ծառայու-թյուններից օգտվելու պայմանով:

    Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմել համավարակի բացասական ազդեցությունները և ստանալ տնտեսական անկման համեմատաբար ցածր ցուցանիշներ: 

    Պատերազմն անհամադրելի ծանր վնաս է հասցրել արցախյան տնտեսությանը: Չնայած ձեռնարկվել են բոլոր հնարավոր ջանքերը՝ պատերազմական երկու ամիսների ընթացքում տնտեսության մեծ մասը կաթվածահար է եղել, ինչը համապատասխան կերպով արտացոլվել է մակրոտնտեսական տարեկան ցուցանիշներում։

    Նախապատերազմյան Արցախում գործող 37 ՀԷԿ-երից Արցախի վերահսկողության տակ է մնացել ընդամենը 8 ՀԷԿ, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020 թվականի դեկտեմբեր ամսում կազմել է ընդամենը 20.4 մլն կՎտ՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսվա շուրջ 100 մլն կՎտ-ի դիմաց: Իսկ 2020 թվականի արդյունքներով, նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովել է 11.2% աճ՝ ի հաշիվ առաջին 9 ամսվա ցուցանիշների:

    2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 76.8%, իսկ համախառն ներքին արդյունքը՝ 270.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 342.5 մլրդ դրամի դիմաց՝ հանգեցնելով 22.4 տոկոս տնտեսական անկման, որի շուրջ 9.2 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 6.4 տոկոսային կետը՝ առևտուր և ծառայությունները, 2.4 տոկոսային կետը՝ շինարարությունը, 2.1 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը:

    Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2020 թվականին կազմել է 1 մլն 820 հազար դրամ կամ 3 722 ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի 2 մլն 307 հազար դրամի կամ 4 803 ԱՄՆ դոլարի դիմաց: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 960 դրամ՝ 2019թ. 175 522 դրամի դիմաց՝ գրանցելով 7.7% աճ: 2020 թվականին միջին տարեկան գնաճը կազմել է 0.8 տոկոս:

    Արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 417.8 մլն ԱՄՆ դոլար, որն ավելի քան 36 տոկոսով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում՝ արտահանումը (մոտ 137 մլն ԱՄՆ դոլար) նվազել է մոտ 52 տոկոսով, իսկ ներմուծումը (շուրջ 280 մլն ԱՄՆ դոլար)՝ 25 տոկոսով:

    Արդյունաբերական արտադրության ծավալը 2020թ.-ին կազմել է 103.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 36.3 տոկոսով, այդ թվում՝ հանքարդյունա-բերության ծավալը կազմել է մոտ 48.4 մլրդ դրամ (19.8 տոկոս նվազում), իսկ մշակող արդյունաբերության ծավալը՝ ավելի քան 26.5 մլրդ դրամ (62.5 տոկոս նվազում): Սննդամթերքի արտադրության կրճատումը համեմատաբար ոչ էական էր՝ 3 տոկոս, և կազմել է շուրջ 12.6 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է մոտ 56.5 մլրդ դրամ՝ արձանագրելով 22.2 տոկոս նվազում 2019 թվականի համեմատ: Առևտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 92 մլրդ դրամ՝ 2019 թվականի համեմատ նվազելով 31.9%-ով: Շինարարական աշխատանքների ծավալը կազմել է ավելի քան 50.2 մլրդ դրամ՝ կրճատվելով 22.2 տոկոսով:

    Պատերազմական գործողություններից կրած վնասների հետևանքով 2021թ. համար կանխատեսվող մոտ 207 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի դեպքում տնտեսական անկումը կկազմի շուրջ 25 տոկոս՝ կանխատեսվող 2 տոկոս դեֆլյատորի պարագայում։ Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3 տոկոսի սահմաններում:

    2020 թվականի պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 49 մլրդ 498 մլն 700 հազար դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի (56 մլրդ 937 մլն 100 հազար դրամ) 86.9 տոկոսը: 2019 թվականի համեմատ պետական բյուջեի սեփական եկամուտները նվազել են 17.7%-ով կամ 10 մլրդ 636 մլն 300 հազար դրամով:

    Տարվա ընթացքում, օրենսդրական փոփոխության համաձայն, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն ավելացվել են 5 մլրդ 100 մլն դրամով՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի, ծախսերն ավելացվել են 14 մլրդ 810 մլն դրամով:

    Համավարակի և պատերազմի պատճառով պետական բյուջեով նախատեսված որոշ ծրագրեր չեն իրականացվել նախանշված ծավալներով: 2020 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557 մլն 900 հազ. դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի 89.7 տոկոսը և պետական բյուջեի կատարումն առանց ընթացիկ ծախսերի գծով էական պարտքերի կուտակման:

    Պատերազմի օրերին և դրանից հետո էլ մեր հայրենակիցներն աշխարհի բոլոր ծայրերից իրենց դրամական օժանդակությունն են ցուցաբերել Արցախին, ինչի շնորհիվ Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտա-բյուջետային հաշվին մուտքագրվել է 4 մլրդ 166 մլն 800 հազար դրամ, որն ուղղվել է պատերազմական գործողություններից առաջացած հրատապ և նպատակային ծախսերի իրականացմանը։

    2021 թվականի պետական բյուջեի եկամուտները ծրագրվել են 84 մլրդ 230 մլն 700 հազար դրամի չափով, ծախսերը՝ 132 մլրդ 342 մլն դրամի, իսկ պակասուրդը՝ 48 մլրդ 111 մլն 300 հազար դրամի չափով։ Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով նախատեսվել են 17 մլրդ դրամի չափով մուտքեր, ինչը կազմում է նախորդ տարվա փաստացի մուտքերի 35.6 տոկոսը: Դա պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքներով, ինչպես նաև դրանցից բխող օրենսդրական փոփոխություններով:

    Սակայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում Արցախի Հանրա-պետության պետական բյուջե մուտքագրված 4 միլիարդ 779 մլն 300 հազար դրամ հարկային եկամուտներն ու տուրքերը գերազանցել են ծրագրված ցուցանիշը 44.8 տոկոսով: Ապրիլի 1-ի դրությամբ Արցախում փաստացի գործունեություն իրականացնող սուբյեկտների թիվը կազմում էր 3 193, որից 1 056-ը գործունեությունը սկսել կամ վերսկսել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, ինչը վկայում է տնտեսության աստիճանական վերականգնման մասին:

    Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 26 միլիարդ 876 միլիոն դրամ կամ ընդհանուրի 53.5 տոկոսը: Պետական բյուջեի միջոցներն ուղղվել են բնակարանային շինարարությանը, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարան-ների վերանորոգմանն ու կառուցմանը, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացմանը: 2020 թվականին աշխատանքներ են իրականացվել 60 բնակելի տան կառուցման ուղղությամբ, որից 16-ը հասցվել է ավարտին, վերանորոգվել է 36 բնակելի տուն, 60-ի գնման և վերանորոգման նպատակով տրվել է փոխհատուցում: Կառուցվել և վերանորոգվել է 14 կրթական հաստատություն, որից 3-ը՝ նախա-դպրոցական: Իրականացվել են ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգ-ման (ավելի քան 10 մլրդ 40 մլն դրամ), փողոցների, բակերի բարեկարգման, ջրամատա-կարարման համակարգերի կառուցման և կոյուղագծերի վերանորոգման (շուրջ 7 մլրդ 106 մլն դրամ), առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման (ավելի քան 1 մլրդ 386 մլն դրամ), մշակութային օջախների (շուրջ 5 մլրդ 395 մլն դրամ) վերանորոգման աշխատանքներ:

    2021 թվականին կշարունակվի քաղաքաշինության բնագավառում տարվող քաղաքականությունը՝ ուշադրության կենտրոնում ունենալով պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների ու բնակարանների վերականգնումը և բռնազավթված տարածքներից տեղահանված բնակչությանը բնակելի տներով ապահովման խնդիրը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս