06:58:43 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համայնքների խոշորացման բացասական հետևանքները

    11:07 31 Հունվար 2014

    Կառավարության այս տարվա գործունեության միջոցառումների ծրագրում գերակա խնդիր է համարվել համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեկնարկը: 2013 թվականի ընթացքում մշակվել էին այդպիսի ծրագրեր: 2014 թվականին նախատեսվում է շարունակել գործընթացը, ինչպես նաև կյանքի կոչել արդեն իսկ մշակված ծրագրերը: 
    «Գերակա խնդրի լուծման դեպքում կմեկնարկեն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով» նախատեսված վարչատարածքային բարեփոխումները»,- ասված է կառավարության 2014թ գործունեության միջոցառումների ծրագրում:
    Փաստորեն 2014 թվականին կմեկանրկի համայանքների խոշորացման ծրագիրը, ուստի հարկ եմ համարում ևս մեկ անգամ անդրադառնալ համայնքների խոշորացման բացասական հետևանքներին: Իհարկե ՏԻՄ-երի արդյունավետության բարձրացման գործընթացում կարևորվում է համայնքների խոշորացման հարցը: Սակայն սա ունի իր լուրջ բացասական հետևանքները: Ճիշտ է համայնքների խոշորացման դեպքում հնարավոր է բնակչության աճ, ծախսերի աննշան կրճատում, սակայն առաջ է գալիս տեղաշարժի բարդության խնդիրը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, թե որտեղ է գտնվում կենտրոնը: Ինչպես նշվում է Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում. «Գոյություն ունի կենտրոնի ընտրության երեք հիմնական տարբերակ.
    1. համայնքի կենտրոն դարձնել առավել մեծ թվով բնակիչ ունեցող բնակավայրը,
    2. համայնքի կենտրոն դարձնել բոլոր բնակավայրերի համեմատ կենտրոնական դիրք ունեցող բնակավայրը,
    3. հանայնքային կենտրոն դարձնել այն բնակավայրը, որը հանդիսանում է տրանսպորտային հանգույց և կապում է մյուս բնակավայրերը հիմանական ճանապարհների հետ»:
    Ուշադրություն դարձնելով վերը թվարկվածին` ակնհայտ է դառնում, որ կենտրոնի ընտրությունը կատարվում է այնպես, որ նպաստավոր լինի մյուս համայքների համար, սակայն չմոռանալով այն փաստը, որ կան համայնքներ, որոնցում տրանսպորտային լուրջ խնդիրներ կան, բացի այդ տրասպորտը աշխատում է ըստ սահմանված ժամերի, հետևաբար կենտրոնից համեմատաբար հեռու ապրող բնակչի համար հեշտ չէ այցելել կենտրոն: Սա նաև ժամանակատար է: Եթե բնակիչը իր համայնքում նույն օրվա ընթացքում կարող է ստանալ իր հարցի պատասխանը, ապա համայնքների խոշորացման դեպքում այս գործընթացը երկարում է, ինչը կարող է թուլացնել ՏԻՄ-երի գործունեության արդյունավետությունը: Մյուս կողմից նվազում է մյուս համայքների ինքնուրույնության աստիճանը: Նրանք ավելի շատ կախվածության մեջ են ընկնում համեմատաբար մեծ համայնքներից և հնարավոր է նաև նրանց կարծիքների անտեսում:
    Մեկ այլ լուրջ խնդիր է սոցիալական ենթակառուցվածքների հարցը` հանրակրթական դպրոցներ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, մշակութային կենտրոններ, նախադպրոցական հաստատություններ և այլն: Համայնքի բնակիչը, ունենալով առողջական խնդիրներ, ապրելով համեմատաբար ծայրամասային համայնքում և լինելով սոցիալապես անապահով, առողջական խնդիրների լուծման համար պետք է այցելի կենտրոն, ինչը ծախսատար է և ժամանակատար: Նույնը կարել է ասել նախադպրոցական հաստատությունների մասին: Ծնողները ստիպված պետք է իրենց երեխաներին տեղափոխեն տեղից տեղ նախադպրոցական հաստատություն հաճախելու համար: Սա կբերի նրան, որ շատ ծնողներ կգերադասեն չտանել իրենց երեխաներին նախադպրոցական հաստատություններ: Այս պարագայում չպետք է մոռանալ այն մասին, որ մեր երկրում բնակչության զբաղվածության և ապահովվածության մակարդակը բավականին ցածր է, հետևաբար համայնքների խոշորացումն ավելի կսրի այս խնդիրը և կնվազեցնի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետությունը: Բացի այդ ոչ մի հարկատու չի ցանկանա ներդրումներ կատարել այլ համայքնի զարգացման և բարելավման համար: Յուրաքանչյուր հարկատու ներդրումներ կատարում է` ցանկանալով բարելավել իր սեփական համայնքի բնակչության ապահովվածության մակարդակը:
    Այսպիսով համայքների խոշորացումը կհանգեցնի հետևյալ բացասական հետևանքներին`
    1. Փոքր համայնքների ֆինանսական կախվածություն խոշոր համայքներից,
    2. Փոքր համայքների կարծիքների և դիրքորոշումների անտեսում,
    3. Տեղաշարժի բարդություն,
    4. Ծախսերի աճ,
    5. Բնակչության կենտրոնացվածություն կենտրոնական և խոշոր համայնքներում,
    6. Գործընթացների ժամկետների երկարում,
    7. Սոցիալական ենթակառուցվածքների բացակայություն փոքր համայնքերում, և դրանց կենտրոնացվածություն խոշոր համայքներում:

    Այս պարագայում առավել նպաստավոր է միջհամայանքնային միավորումների ստեղծումը, քանզի դրանք նաև հնարավորություն կտան փոքր գյուղական համայքներին իրենց միջոցների, ռեսուրսների միավորման միջոցով իրականացնել առավել արդյունավետ տեղական ինքնակառավարում:
    Հուսով եմ, որ մեր կառավարությունը հաշվի է առել և մանրակրկիտ քննարկել այս բոլոր բացասական հետևանքները, և ծրագրի մեկնարկից հետո մեկ ևս մեկ անգամ ականատես չենք լինի ձախողված ծրագրի:

    Tina Ghazaryan


    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս