18:04:13 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համլետ Ղուշչյանը հրատարակել է իր առաջին և վերջին գիրքը

    08:42 14 Մարտ 2011

    Վաստակաշատ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանը հրատարակել է իր հեղինակած «Եթերի Իրավունք» վերտառությամբ առաջին գիրքը: Այսօր «Դե ֆակտո» մամլո ակումբում կայացավ գրքի շնորհանդեսը, ինչպես ինքն ասաց` «Եթերի Իրավունքը» կլինի իր առաջին և վերջին գիրքը:
    «Անկեղծ ասած երբևէ մտադրություն չի եղել գիրք գրելու, բայց երբ որ օգտվում էի իմ ունեցած արխիվից ` հասկացա, որ բավականին հետաքրքիր նյութ կա և որոշեցի այդ ամենը զետեղել գրքում: Այս գրքում ամփոփված է իմ 37 տարիների գործունեությունը հեռուստատեսային ոլորտում: Նախ որպես սպորտային մեկնաբան, իսկ հետո` հեռուսալրագրող, ով իր աշխատանքում անդրադարձել է բոլոր ոլորտներին»,- ասաց Ղուշչյանը:
    Գրքում հիշատակված են մարդիկ, որոնց հետ նա առիթ է ունեցել սովորելու, աշխատելու, ինչ-ինչ առիթներով հանդիպելու, և ամենակարևորը` «հերոսները» մարդիկ են, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հայաստանի անկախության գործում: Գրքում ներկայացված են, ընդհանուր առմամբ 50-ից ավելի երկրներում հեղինակի ծավալած գործունեության մեջ հետարքրքրաշարժ դեպքերն ու նյութերը:
    Գրքի անվանումը պատահական ընտրված չէ. դեռ ժամանակին, երբ նա սկսել է նկարահանել իր առաջին հաղորդումները, վերջինիս առաջին ուսուցիչ` հայտնի սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովը, նրան ասել է. «Համլետ, եթերի իրավունքը պետք է նվաճել, դա շատ քչերին է տրվում, դու շատ երիտասարդ ես` ընդամենը 20 տարեկան և եկել ես հեռուստատեսությու՞ն: Սովորաբար չի լինում այդպես, բայց, եթե եկել ես` բարի եղիր նվաճել «Եթերի իրավունքը»»:
    Հարցին, թե արդյո՞ք նա նվաճված է համարում իր եթերի իրավունքը` Հ. Ղուշչյանն պատասխանեց. «37 տարի է արդեն հեռուստատեսությունում եմ , և իմ եթերի իրավունքը ես նվաճեցի աշխատելուցս 5 տարի հետո» : հեղինակի խոսքով, գիրքը հաջողված է. « Շատ թեթև կարդացվող գիրք է: Գիքրը կարող են ընթերցել բոլոր տարիքային խմբի մարդիկ, սկսած դպրոցականից մինչև տարեցներ: Այն կարող է նաև ուսումնական ձեռնարկ դառնալ սկսնակ լրագրողների համար: Կան շատ հետաքրքիր փաստեր, պատմություններ» ,- ավելացրեց վաստակաշատ լրագրողը:
    Նշենք, որ Մոսկվայում գրքի շնորհանդեսն արդեն տեղի է ունեցել: Իր ռուս գործընկերներից շատերը նրան խորհուրդ են տվել գիրքը թարգմանել ռուսերեն, իր իսկ խոսքերով` հատկապես ավելի շատ ոգևորված են եղել նրա ուսուցիչները: 

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս