16:53:49 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հասկանալ իրականությունը, եթե արդեն ուշ չէ. վախենալ քաղաքական դեֆոլտից եւ 80 տոկոսից. Վահե Հովհաննիսյան

    13:00 4 Հոկտեմբեր 2018

    Խնդիրը  ժամկետը չէ, խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները. խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։ Այս մասին իր հոդվածում գրել է ««Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

    Նա, մասնավորապես, գրում է.

    «Գնում ենք ընտրությունների քաղաքական դեֆոլտի պայմաններում, որի մեջ ներգրավված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն (մտովի հանեք Նիկոլ Փաշինյանին ու կհամաձայնեք ինձ հետ)։

    Սա չափազանց վտանգավոր իրականություն է։ Հետեւաբար՝ անելիքը, խնդիրը պետք է լինի հենց այդ իրավիճակից դուրս գալը։

    Մենք պետք է խնդիր դնեինք՝ լուծել ճգնաժամը, եւ ոչ՝ խորացնել այն։ Երբ քաղաքական որեւէ ուժ չունի ինստիտուցիոնալ  հեղինակություն, ապա չի երեւում, թե ինչ խողովակներով պետք է գտնվեն երկրի դժվար խնդիրների դժվար լուծումները։ Երկրի դիմադրողականությունը կտրուկ իջնում է։ Պետական մտածողությունը, գիտակից մարդկանց (անկախ՝ նրանց  կուսակցական պատկանելությունից) ահազանգ-մտածողությունը սրան պետք է ուղղված լինի՝ իշխանության ներսում թե դրսում։     

    Գնում ենք ընտրությունների՝ 80 տոկոսանոց հավանականությամբ, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ չի լինելու հնարավոր զարգացումներին։ Կառուցելու, բարեփոխելու, զարգանալու՝ գիտակցված հանրային պահանջի, ապագային ուղղված գործողությունների եւ կառուցողական քայլերի փոխարեն հասարակության մեծ դրական էներգիան ուղղվում է այլ հուն։ 80 տոկոսի՝ մեծ մասամբ անկեղծ ու ազնիվ մոտիվացիաները չեն ապահովագրում հնարավոր վտանգներից։

    Մենք ունենք ֆիզիկական անձի վարկանիշի վրա կառուցված իշխանություն։ Սա պետությունը դարձնում է շատ թույլ, խոցելի։ Թույլ եւ խոցելի պետություն Հարավային Կովկասում՝ դա ողբերգությունից 5 րոպե պակաս է նշանակում։

    Վախենալ քաղաքական դեֆոլտից եւ 80 տոկոսից

    Կա տոտալ քաղաքական-հասարակական դեֆոլտ, եւ կա մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին ունի անառարկելի հեղինակություն եւ մոգական ազդեցություն՝ 80 տոկոսանոց։ Այս իրականությունից միայն վախենալ է պետք։ Եվ սա առաջին հերթին վախեցնող է, սարսափելի վախեցնող է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Նա արագ ընտրություններից հետո մեն-մենակ է մնալու ՀՀ բարդագույն խնդիրների հետ՝ պատերազմի եւ խաղաղության, տնտեսության, արտագաղթի, ներքին կառավարելիության եւ այլն։ Գործել առանց քաղաքական հակակշիռների եւ առանց առարկող թիմակիցների՝ չափազանց վտանգավոր է։ Միառժամանակ չի լինելու որեւէ զսպող մեխանիզմ։ Չի լինելու որեւէ ուժ, ում հետ գոնե ձեւական հնարավոր կլիներ ասել՝ բանակցում եմ, քննարկում եմ։ Իմունիտետի ազդակները, որոնք պետք է ահազանգեն որեւէ վտանգի դեպքում, այս պահին պարզապես գոյություն չունեն։

    Վատ պատմությունն  ու վտանգավոր  ապագան

    Այն անարդարությունների չափը, միջին խավի այն սրընթաց կազմալուծումը, երկար տարիներ իշխած պսեւդոէլիտայի առկայությունը, ունեւոր խավի՝ առանց որեւէ բարոյական ստոպի իշխումը, այն բարքերը, որոնք գերակայում էին երկրում, պետք է հանգեցնեին այս օրվան։ Ինչքա՞ն են խաբել ընտրողներին քաղաքական կուսակցությունները՝ ասել մի բան ու գնացել ստվերային գործարքների, ինչքա՞ն են քաղաքականությունը դիտել որպես բիզնես. պարզ էր, որ մի օր այդ ամենը բերելու էր նրանց տոտալ հեղինակազրկմանը։

    Այդ ամբողջ կուտակվածի արդյունքում, այո, ժողովուրդը պայթեց, ու այստեղ Ն. Փաշինյանի դերակատարումը, անխոս, պատմական է։ Բայց հիմա  ձեւավորվում է հաջորդ մեծ վտանգը։ Հիմնական ուրվագծերով այդ վտանգն այսպիսի տեսք ունի՝ գրեթե միակուսակցական խորհրդարան, միակուսակցական կառավարություն, մեկ անձի հեղինակության վրա կառուցված իշխանություն, որեւէ հակակշռող, զսպող համակարգի բացակայություն։ Սա չի բերի զարգացման։ Սա բոլորովին այլ տեղ կտանի։

    Այստեղ կարեւոր է ֆիքսել, որ հարցը «հները» չեն, որովհետեւ հնին վերադարձ իսկապես հնարավոր չէ, եւ պետք չէ։ Հարցը նորի, ապագայի տարբերակներն են։ Վատ պատմությունը  արդարացում չէ՝ վտանգավոր ապագայի ընտրության համար։ Ուրիշ փաստարկներ եւ ուրիշ լուծումներ է պետք գտնել։

    Կարեւոր է ֆիքսել նաեւ, որ, նման զարգացումների պարագայում, օրվա պրոցեսներից եւ տրամաբանությունից դուրս են մնալու բազմաթիվ ընդունակ, գրագետ, աշխատանքային սոլիդ կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք չեն տեղավորվում «հնի ու նորի» սխեմատիկ պատկերացումների մեջ, սակայն կարող են օգտակար լինել երկրին՝ ամենատարբեր ոլորտներում, եւ իրենց պատրաստվածությամբ ու հայրենասիրությամբ առնվազն չեն զիջում բարձր հնչող ձայներին։ Նրանց խոսքն այսօր դեռ հնարավոր է խլացնել՝ ծափերի, բարձր ելույթների, համընդհանուր սոցցանցային աղմուկի մեջ, սակայն հասարակությունն աստիճանաբար զգալու է նրանց կարիքը, եւ շատ արագ նրանք վերածվելու են գործոնի՝ գուցեեւ վերցնելով ընդդիմության թափուր պաշտոնը։

    Եթե խնդիր ենք դնում հեղափոխական առաջընթացի, ապա այո, ժամանակ է պետք` գործող կուսակցություններում ներքին թավշյա հեղափոխություններ իրականացնելու համար։ Բոլոր կուսակցություններում կան առողջ, գրագետ ուժեր, որոնք գուցե պետք է իրենց կուսակցություններում այլեւս ունենան վճռորոշ դերակատարում։ Գուցե ընդհանրապես պետք է, որ հայտնի կուսակցությունները չմասնակցեն ընտրություններին, եւ նրանց փոխարեն ձեւավորվեն նոր ուժեր։ Բայց դրա համար նույնպես ժամանակ է պետք։ Խնդիրը պետք է լինի մի նոր՝ առողջ համակարգ ծնելը, որին հնարավոր չի լինի մեղադրել հակահեղափոխության մեջ, որը կգեներացնի նոր մտածողություն, նոր ծրագրեր, նոր տեսլականներ եւ, որը կկիսի պատասխանատվությունը։ Ժամանակը պետք է առաջին հերթին հենց սրա համար։

    Հակառակ դեպքում՝ միակուսակցական եւ միանձնյա իշխանությունը բոլորի համար է վատ՝ թե՛ հեռացողների, թե՛ եկողների, թե՛ հատկապես մեկ անձի համար։ Հիմա տրամաբանորեն պետք է կազմվի 80 հոգանոց ԱԺ ցուցակ՝ գրագետ, վստահելի, փորձառու, ունակ գործիչներից, որոնք պետք է փոխարինեն մյուս բոլոր ուժերի մեջ եղած, հաճախ՝ իսկապես գրագետ գործիչներին, պետք է կազմի նույնպիսի գրագետ ու էֆեկտիվ կառավարություն, յուրային, վստահելի հրեշտակներից բաղկացած ուժայիններ։ Սա հեքիաթ է, իսկ Հարավային Կովկասում, երբ իրատեսությունը փոխարինվում է  պետական հեքիաթներով, վերջիններս սովորաբար ծանր վերջաբան են ունենում։

    Խնդիրը շատ պարզ է. եթե հետհեղափոխական իշխանությունը խնդիր դնի այս մթնոլորտում հաղթել բոլորին, այն այս պահին ներսում կհաղթի՝ բոլորին եւ բոլոր հարցերում։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ամիսներ հետո կտեսնենք, որ դա չբերեց պետության հաղթանակին։ Ի՞նչ կմնա այդ ժամանակ 80 տոկոսից՝ էական չէ, ի՞նչ տեսք կունենա այդ փուլի իշխանությունը՝ անգամ արդեն դա՛ էական չէ։  Այստեղ լրիվ ուրիշ իրականություն կարող ենք ունենալ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս