14:30:19 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջին անգամ տվյալագիտության բակալավրի կրթություն կկազմակերպվի

    11:46 20 Դեկտեմբեր 2017

    Հայաստանի ամերիկյան համալսարանում 2018 թվականի սեպտեմբեր ամսից մեկնարկելու է տվյալագիտության ֆակուլտետի բակալավրի աստիճանը: Այն եզակի նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում:

    ՀԱՀ-ի բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Արթուր Խալաթյանը նշեց, որ տվյալագիտությունը Հայաստանի համար շատ մեծ զարգացում կարող է ապահովել և կարևոր դերակատարություն ունենալ:

    «Աշխարհում վերջին տարիներին բոլոր ոլորտներում ավտոմատացում է տեղի ունեցել և այդ բոլոր ծրագրերը գեներացվում են ահռելի թվով տվյալների, հետևաբար տվյալագիտությունը կիրառվում է տարբեր մեծ ու փոքր կազմակերպություններում ` տվյալները օգտագործելու, տարբեր որոշումներ կայացնելու և որոշ կանխատեսումներ անելու համար»,- ասաց Խալաթյանը:

    Որոշ փորձագետների կանխատեսումների համաձայն` աշխատաշուկայում տվյալագիտության ոլորտում 500 հազար մասնագետի պահանջարկ է լինելու:

    «Խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Facebook-ը և IBM-ը, հսկայական միջոցներ են ներդնում տվյալագիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար»,- նշեց Խալաթյանը:

    Ucom ընկերության ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանի խոսքով` Ucom ընկերությունում ահռելի քանակությամբ տեղեկություն է կուտակված, և իրենց ընկերությունը տվյալագիտության ոլորտում մասնագետների կարիք ունի:

    «Սա մի քայլ է, որը մի նոր որակի է բարձրացնելու բաժանորդի հետ կապը: Հայաստանում մասնագիտությունը ոչ միայն մեր ընկերության է հարկավոր, այլ նաև մյուս ընկերություններին, քանի որ աշխարհում չկա տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող որևէ կազմակերպություն, որին տվյալագիտությունը անհրաժեշտ չլինի», -նշեց Բարսեղյանը:

    Բակալավրիական կրթությունը ավարտելուց հետո ուսանողները կտիրապետեն հսկայածավալ տվյալները կառավարելու հմտությունների:

    Տվյալագիտության բակալավրի աստիճանը միջգիտակարգային է, որն իր մեջ ներառում է վիճակագրական մոդելավորման, մեքենայաուսուցման և հաշվիչ գիտությունների հիմնական դրույթները:

    Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը բերեց նրան, որ աշխարհում ստեղծվում են ահռելի քանակությամբ տվյալներ: Ըստ գիտնականների` այսօր մի քանի տարում ստեղծվում է ավելի շատ տեղեկատվություն, քան մինչ այս երբևէ ստեղծվել է:Այս ամենի արդյունքում ի հայտ են գալիս տվյալների կառավարման նոր գործիքներ, և տվյալները դառնում են տնտեսական գործունեության կարևորագույն ռեսուսներից մեկը:

    Տվյալագիտությունը կիրառվում է ֆինանսական և բանկային ոլորտներում և էլեկտրոնային կառավարման համակարգերում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս