01:55:19 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել». «Փաստ»

    04:20 19 Դեկտեմբեր 2018

    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հնչեցված վերջին հայտարարությունները շարունակում են արձագանքներ ստանալ թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակների կողմից: Հայտարարություններից մեկով նա հանդիմանել էր Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար միայն իրենց մեղադրելու մեջ: Երևանից արձագանքել են Լուկաշենկոյի հայտարարությանը, այն որակել որպես միակողմանի: Նշենք նաև, որ Լուկաշենկոն հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը հրաժարվել է «հողեր հանձնելուց»:

    Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ դժվար է ասել զուտ հեռահար բանավեճից զատ այլ գործընթացների առկայության կամ բացակայության մասին:

    «Որովհետև ամբողջ գործընթացները, որոնք այս պահի դրությամբ տեղի են ունենում ՀԱՊԿ–ում, ՀԱՊԿ շրջանակներում և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև, բնականաբար, չեն սահմանափակվում միայն այն քաղաքական հայտարարություններով, որոնց մասին մենք գիտենք և որոնք հանրայնացվել են: Մենք տեղյակ են բացառապես Լուկաշենկոյի հանրային հայտարարություններից, մեր վարչապետի հանրային հայտարարություններից և այն հայտարարություններից, որոնք փակ հանդիպումներից հետո արվել են Լուկաշենկոյի կողմից: Հիմա, եթե հաշվի առնենք այս ամենը, ակնհայտ է, որ կա որոշակի լարվածություն, բայց միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ կա նաև հանդիպումների փակ ձևաչափ և այդ փակ ձևաչափից, բնականաբար, ոչ բոլոր տեղեկատվություններն են դուրս գալիս, հանրության համար հասանելի դառնում, և ոչ բոլորն են մեզ հայտնի»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

     

    Նա ընդգծեց, որ բացի այդ, կան խողովակներ, որոնց միջոցով երկու պետություններն աշխատում են. «Խոսքը թե՛ ԱԳՆ–ի, թե՛ ՊՆ–ի և թե՛ ՀԱՊԿ–ում ու այլ կառույցներում մեր ներկայացուցչությունների և նրանց կողմից իրականացվող աշխատանքի մասին է: Այնպես որ, բավականին լայնածավալ աշխատանք է կատարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված գործընթացի հետևանքով: Եվ բնական է, որ ամեն ինչ չէ, որ մենք գիտենք, և ամեն ինչ չէ, որի մասին կարող ենք տեղյակ լինել՝ այս գործընթացների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»:

    Քաղաքագետը նշեց, որ խնդիրը ծագել է հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացի հետևանքով. «Հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Եվ պետությունների ներկայացուցիչների միջև բանավեճ է ծավալվել, թե ով պետք է ղեկավարի կառույցը հաջորդ տարիների ընթացքում»:

    Վերադառնալով հայտարարություններին ու հայ–բելառուսական հարաբերությունների ճակատագրին՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Եթե մենք ուշադիր հետևենք Բելառուսի նախագահի քաղաքական հայտարարություններին, և ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ հայտնած իր դիրքորոշումներին, կտեսնենք, որ բավականին կոշտ և կոպիտ հայտարարություններ է անում: Այստեղ խոսքը հայ–բելառուսական հարաբերությունների, հնչած հայտարարությունների կամ կոնկրետ վերոնշյալ դեպքի մասին չէ: Խոսքը Բելառուսի նախագահի՝ ընդհանրապես արված տարատեսակ հայտարարությունների, թեկուզև ՄԱԿ–ում հնչած իր ելույթների մասին է: Ես չեմ կարծում, որ սրանով հայ–բելառուսական հարաբերությունները ամբողջապես տուժում են կամ իջնում են չափազանց ցածր մակարդակի: Բնականաբար, նման խոսակցություններ, լեզվակռիվներ տեղի են ունենում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ. Պուտինի և Բելառուսի նախագահի միջև նույնպես շատ հաճախ տեղի են ունենում չհասկացվածության, իրար չընկալելու կամ կոշտ հայտարարություններ անելու գործընթացներ: Գիտենք նաև, որ շատ հաճախ Բելառուսի նախագահը ներողություն է խնդրում կոշտ հայտարարությունների համար: Այնպես որ, չեմ կարծում, որ նման հայտարարությունները հայ–բելառուսական հարաբերությունները տապալելու կամ վատթարացնելու են: Այդուհանդերձ՝ պետք է այնպես անել, որ մեր հարաբերությունները մնան բարձր մակարդակի վրա և նման միջադեպերը պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական խողովակներով»:

    Սուրեն Սարգսյանը շեշտեց, ու Հայաստանի իշխանություններն այս առումով պետք է հաշվի առնեն Ա. Լուկաշենկոյի խառնվածքը. «Եթե խոսքը նրա հայտարարությունների մասին է, պետք է հնարավորինս դիվանագիտորեն մոտենան հարցին և դիվանագիտական պատասխաններ տան այն հայտարարություններին, որոնք Լուկաշենկոն է անում: Կարծում եմ՝ հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել և ճիշտ հայտարարություններով է հանդես եկել»:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

     

     
     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս