04:51:09 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ անվճար բուժում է ստացել

    12:36 25 Հունվար 2018

    2017 թվականին առողջապահության ոլորտում գերակա ծրագրերին զուգընթաց իրականացվել են բժշկական թիրախային ծրագրեր։  Դրանցից է վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։

    Հիվանդության արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված Սովալդի դեղի օգտագործմամբ։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի։

    2017թ. Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը Հայաստանին նվիրեց 3000 տուփ սովալդի, որով հնարավոր էր բուժել հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի։ Այդ մասին հանրությունն իրազեկվել է։ 

    Ծրագրում ընդգրկվածությունը կատարվել է մշակված չափորոշիչներին համաձայն, հաշվի առնելով առկա բնութագրերը՝ քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, վիրուսային հեպատիտ Ց լյարդի ցիրոզով, քրոնիկ հեպատիտ C-ով հիվանդներ, որոնց նախկինում ստացված հակավիրուսային բուժումն արդյունք չի ապահովել։ Ընդգրկված 1000 հիվանդից 576-ը եղել է Երևանից, 379-ը` մարզերից, 45-ը` Արցախից։ 240-ը եղել են 17-40, 752-ը՝ 40-60 տարեկան, 75 տոկոսը` տղամարդիկ։ 

    Բուժման ընթացքում անվճար տրամադրվող Սովալդին համակցվել է Դակլատասվիր դեղի հետ։ Ծրագրի պատասխանատու, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանի խոսքով` միջազգային ուղեցույցներով ուղիղ ազդեցության նոր սերնդի դեղերի այս համակցումը բաձր  արդյունավետություն և անվտանգություն է ապահովում վիրուսի բոլոր գենոտիպերի դեպքում։

    Ներկրողի հետ նախարարության բանակցությունների արդյունքում հիվանդները բուժման առաջին ամսում Դակլատասվիրը  ձեռք են բերել շուկայականից զգալի ցածր գնով, իսկ հաջորդ 2 ամիսներին այն նույնպես ստացել են անվճար։ Բուժման հետ կապված հետազոտությունները նույնպես հիվանդներն անցել են զեղչված գներով։

    Բուժման կուրսը տևել է  երեք ամիս։ Դեղորայքը տրամադրվել է ամիսը մեկ անգամ` մշտապես հսկողության տակ պահելով հիվանդներին։

    Արդյունքում` շահառուներից  910-ը կամ 92%-ն ազատվել է վիրուսից։ Այս ցուցանիշները, ինչպես և բուժման ընթացքում դիտված կողմնակի ազդեցությունները համադրելի են միջազգային մակարդակում գրանցված տվյալների հետ:

     

    Հ.Գ. Հեպատիտ Ց-ի վարակն առողջապահական լուրջ խնդիր է։ Ամբողջ աշխարհում 130-150 մլն. մարդ ունի քրոնիկ վիրուսային  հեպատիտ Ց։ Վարակն առավել տարածված է Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում։ Տարեկան արձանագրվում է խիստ վտանգավոր վարակիչ այս հիվանդության 1.75 մլն. նոր դեպք, մահանում ավելի քան 500.000 մարդ։

    Ծրագրի պատասխանատու, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն անցած տարվա նոյեմբերին Սան Պաուլոյում մասնակցել է Հեպատիտի համաշխարհային գագաթնաժողովին, որը միջազգային և դոնոր կազմակերպությունների, պետությունների կառավարությունների ուշադրությունը բևեռել է հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդների հայտնաբերման և բուժման, վիրուսային այդ վարակների էլիմինացիայի խիստ արդիական խնդիրների վրա։ 

     «Անհրաժեշտ է կանխարգելել նոր վարակները և ապահովել բուժման մատչելիությունը, որպեսզի դադարեն ամեն տարի արձանագրվող բազմաթիվ մահերը»,-նշվում է գագաթնաժողովի կողմից ընդունված Հռչակագրում և ընդգծվում, որ Կայուն զարգացման նպատակներից մեկը վիրուսային հեպատիտի դեմ  պայքարն ու հաղթահարումն է։ Աշխարհն արդեն իսկ ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի հաղթահարման արդյունավետ ծրագրերի փորձ։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս