12:46:43 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը

    06:30 21 Հունվար 2019

    Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին եւ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվում Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթի» շրջանակներում:

    Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հունվարի 19-ից 25-ը Կիեւում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի եւ պոեզիայի սիրահարների շրջանում:

    Կազմակերպիչները նշում են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան եւ Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, ինչպես նաեւ Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, գրական եւ երաժշտական երեկոներ ու ֆիլմադիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին:

    «ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հաղորդել է պարբերականին, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Կիեւում Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիեւի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը:

    Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայում Հայերի միությունն ակտիվորեն աշխատում է ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման ուղղությամբ. կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ ակնառու հայրենակիցների ստեղծագործությունները շարունակում են ուրախացնել արվեստը գնահատողներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս