19:58:34 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մայրաքաղաքում բացվել է առաջին փորձնական հեծանվուղին

    13:20 10 Հոկտեմբեր 2012

    Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմքենաների քանակը, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատամամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, <<Կանաչաստան>> ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին:  Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու <<Առագաստ>> սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք։

     

    Անվտանգ երթևեկություն ապահովելու նկատառումով՝ շուրջ 2.5 կիլոմետր երկարությամբ և 1.5 մետր լայնությամբ հեծանվուղին առանձնացվել է  մայթեզրյա հատվածում:

    <<Փորձնական այս ծրագրով կյանքի է կոչվում նաև դեռ 2005 թվականին կառավարության կողմից ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների վերաբերյալ ծրագրի հաստատված որոշումը, որով նախատեսվում էր մշակել հետիոտն և հեծանվային երթևեկության զարգացմանն ու անվտանգությանը նպաստող միջոցառումներ>>,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

    Հեծանվորդների համար երթևեկության հատուկ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով կատարվել են համապատասխան գծանշումներ, տեղադրել ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, հեծանվուղու սկզբնամասում և վերջնամասում կահավորվել են նաև հեծանվային կայանատեղեր:

    <<Հեծնվային սպորտի զարգացումն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության ներքո են: Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում` քաղաքապետը մշտապես ողջունում է երիտասարդության կողմից հետաքրքիր մտահղացումներն ու առաջարկությունները` հետագայում, հնարավորության դեպքում,  դրանք կյանքի կոչելու նպատակով>>,-նշել է Հենրիկ Նավասարդյանն ու հավելել, որ հեծանվային տրանսպորտի մշակույթի զարգացման հետ համատեղ՝  հետագայում մայրաքաղաքում կառանձացվեն նոր երթուղիներ:

    Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքի համար` մասնակիցները նկատել են, որ, երիտասարդների կողմից ներկայացվող հետաքրքիր գաղափարներն ու առաջարկները քաղաքապետի կողմից  հավանության արժանանալով, միշտ կյանքի են կոչվում և հույս են հայտնել, որ հետագայում ծրագիրն էլ ավելի կընդլայնվի և կընդգրկի նաև մայրաքաղաքի այլ հատվածներ:

     

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

    հասարակայնության հետ կապերի վարչություն

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս