12:14:15 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մենք հիշում ենք հայ-ռուսական ընդհանուր ժամանակագրության հերոսական էջերի մասին. Էդվարդ Նալբանյան

    11:22 21 Նոյեմբեր 2017

    Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը:

    ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին, խոսեց հայ-ռուսական դարավոր ամուր կապերի մասին:

    Նախարարի խոսքով՝ մեր ժողովուրդներին կապում են բազմաթիվ խորը թելեր և իրական բարեկամական զգացմունքներ, որոնք բոլոր ժամանակներում եղել են մեր հարաբերությունների որոշիչ գիծը, որի վրա էլ կառուցվում են հայ-ռուսական բազմաշերտ հարաբերությունները:

    «Մենք հիշում ենք ընդհանուր ժամանակագրության հերոսական էջերի մասին, դրամատիկ փորձությունների ու հաղթանակների մասին: Մեր ժողովուրդներն այդ հաղթանակի զոհասեղանին են դրել իրենց հազարավոր որդիների կյանքը՝ մեր հարաբերություններն ամրապնդելով արյան թելերով: Մենք լավ գիտենք Հայաստանի և Ռուսաստանի անվանի զավակների անունները, ովքեր իրենց հավատարմությամբ մեր երկրների եղբայրությանն ավելացրեցին հայ-ռուսական բարեկամության ավանդույթները: Այդ ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ: Այսօր էստաֆետը մեր ձեռքերում է»,- նշեց նախարարը:

    Նալբանդյանի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակի փորձություններ անցած բազմադարյա հարաբերությունների՝ արդի պատմության մեջ: Նրա գնահատմամբ՝ այսօր հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերությունը հանդիսանում է հետխորհրդային տարածքում ամենից հաջողված և արդյունավետ համագործակցության օրինակներից մեկը:

    Ըստ նախարարի՝ մեր հարաբերությունների ընդգրկումն ու խորությունն արդեն իսկ խոսուն են. քաղաքական ակտիվ երկխոսությունը պահպանվում է ամենաբարձր մակարդակի վրա, վերջին տասը տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների միջև ավելի քան 100 հանդիպում է կայացել:

    «Թվերը տպավորիչ են, թեպետ դա բնական է դաշնակից երկրների համար, մեր երկրների ղեկավարները սահմանում են երկկողմ հարաբերությունների ձևը, որոշում ընդհանուր ջանքերի գործադրման ռազմավարական ուղղությունները: Մեր երկրների միջև ամուր իրավական-պայմանագրային հիմք կա, ստորագրված է ավելի քան 200 համաձայնագիր ու պայմանագիր, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև արգասաբեր համակարգում է իրականացվում, միջազգային հարթակներում կառուցողական համագործակցություն կա, սերտ համագործակցություն է հաստատված անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում, ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև»,- նշեց նա:

    ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Ռուսաստանը կարևորագույն առևտրատնտեսական դաշնակից է, ռուսական ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի 2000 կազմակերպություն, հաջող համագործակցություն է զարգանում էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ ատոմային, համագործակցություն կա տրանսպորտի, հանքարդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ ոլորտներում, ստորագրված է տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր՝ մինչև 2020 թվականը, ինչը վկայում է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների բացառիկ բնույթի և ապագային միտված լինելու մասին:

    Ըստ Նալբանդյանի՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության լրացուցիչ հնարավորություններ բացեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը: Նախարարը կարևորեց համագործակցությունը հումանիտար ոլորտում, նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում կրթա-մշակութային կապերին: Հայ-ռուսական կապերի խորացման հարցում Նալբանդյանը կարևորեց Ռուսաստանի մեծաթիվ հայ համայնքի ներդրումը:

    «Մենք գնահատում ենք Ռուսաստանի միջնորդական ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, այդ թվում՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Այս ամենի մասին է պատմում այս ցուցահանդեսը»,- ասաց նա:

    Նալբանդյանն ընդգծեց՝ հայ-ռուսական բարեկամությունը պետք է պահել, զարգացնել, ամրապնդել և փոխանցել սերունդներին:

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցուցահանդեսի մասնակիցներին տեղեկացրեց, որ հաճելի և պատվաբեր հանձնարարություն ունի՝ ներկաներին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը: ՌԴ նախագահն ուղերձում ընդգծել է, որ ընթացիկ տարում երկու կարևոր իրադարձության հոբելյան է նշվում՝ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Հայաստանի ու Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 20-ամյակը:

    Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պարզապես լավ հարևաններ չեն, երկու երկրներին միավորում են պատմության ընդհանուր էջերը, հպարտությունը նախնիների սխրագործությունների համար, բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները: Նա կարևորում է, որ այսօր ռուս-հայկական երկխոսությունը հաջողությամբ զարգանում է, լրացվում իրական գործերով և ապագային միտված ծրագրերով:

    «Մենք առաջ ենք տանում համատեղ նախաձեռնություններ՝ տնտեսության և էներգետիկայի, տրանսպորտի և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում, զարգացնում ենք համագործակցությունը մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում, միմյանց թիկունք ենք լինում համաշխարհային հարթակում, Ռուսաստանն ու Հայաստանը զգալի ներդրում ունեն Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտի, ՀԱՊԿ , ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում գործընկերության ամրապնդման մեջ: Վստահ եմ՝ այս ցուցահանդեսը կդառնա մեծ իրադարձություն երկու երկրների հասարակական կյանքում, իսկ դրանում ներկայացված նյութերն ամբողջապես կցուցադրեն ռուս-հայկական հարաբերությունների հատուկ, վստահելի բնույթը»,- նշել է ՌԴ նախագահը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս