03:54:58 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը սեղմել է օղակը իր և առաջին հերթին՝ երկրի շուրջ. 168.am

    05:48 3 Սեպտեմբեր 2019

    168.am

    Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում իր հայտնի ելույթում հայտարարեց հայ- ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները փոխադրելու է այլ մակարդակի։

    «Խնդիրն այն է, որ, ինչպես Արևմուտքի, այնպես էլ՝ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց, և կարող եմ միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են»,- հայտարարել էր նա՝ ավելացնելով, որ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է նորանկախ պատմության մեջ:

    «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել»,- հավելել է նա։

    Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ՝ որն է այդ աննախադեպ նախագիծը։ Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի. «Պաշտպանության նախարարության մասնագետների խումբը Սիրիայում գործելու է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո»,- սեպտեմբերի սկզբին հայտարարեց նա:

    «Շուրջ 100 հոգի»,- հաղորդեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

    Մի շարք վերլուծաբաններ, գործիչներ, և հատկապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ահազանգում էին. «Հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որևէ իրավական հիմնավորում և կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա»:

    Ու թեպետ օրվա ընդդիմադիր ուժերը՝ ՀՀԿ-ն և այլք,  դրա աշխարհաքաղաքական նպատակահարմարության հարցը չէին քննարկում` պատասխանատվությունը թողնելով օրվա իշխանության վրա, և նրանց քննադատության թիրախում բացառապես այն հակասահմանադրական մեխանիզմն էր, որով հայկական զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս սկսեցին ծառայություն իրականացնել, այնուհանդերձ Աշոտյանը  2019թ. հոկտեմբերին նաև զգուշացնում էր.

    «Վաղը չէ մյուս օրը, երբ Սիրիա զորախումբ ուղարկեք, այդ ժամանակ Եվրոպայի առջև այս հարցերով պատասխան ենք տալու միասին՝ անկախ նրանից՝ ես խորհրդարանում կլինե՞մ, թե՞ ոչ։ Երբ այս ականները թողնում եք երկրի անվտանգության տակ, իրենք ինձ համար չեն, անհատական չեն։ Երկիրը պետք է անթերի ու անխոցելի լինի քաղաքական տեսակետից, հատկապես՝ աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում»։

    Իշխանություններն ի պատասխան խնդրի շուրջ բարձրացված աղմուկի՝ այդ օրերին հայտարարեցին, թե հայկական կողմից հումանիտար առաքելությունը Սիրիայի կառավարության հրավերով է։ Չնայած իրավապայմանագրային հիմքերի հետ կապված լուրջ խնդիրներին, որոնց մասին ահազանգում էին շատերը, այնուամենայնիվ, այդպես էլ չներկայացվեց փաստական որևէ ուղերձ կամ խնդրանք՝ սիրիահայության կառույցների, Սիրիայի կառավարության կողմից՝ ՀՀ կառավարությանը պաշտոնական որևէ դիմում այնտեղ նմանատիպ գործողություն իրականացնելու մասին։ «Ծիծաղելի են կառավարության ջանքերը, փորձերը «ֆռցնել» հասարակությանը ևս մեկ անգամ՝ մեջբերելով 2001թ. Հայաստանի և Սիրիայի Պաշտպանության նախարարությունների միջև կնքած ինչ-որ համաձայնագիր»,- Աշոտյանի այս հայտարարությանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է ստորաբաժանումը Սիրիա ուղարկվում Պաշտպանության նախարարության կողմից, այլ ոչ, օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, ասել էր.

    «Մեկը պըտի՞ ուղարկեր…  Տենց ա որոշվել, որ ավելի հարմար էր: Քանի որ լոգիստիկ աջակցությունը ռուսական կողմն է արել, հիմա տենց ա ստացվել, որ հենց Պաշտպանության նախարարությունն ա ուղարկել»:

    Ի դեպ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ մինչ այդ ասվում էր. «Օժանդակելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները»: Փաշինյանի մամուլի քարտուղարը, սակայն, ԶԼՄ-ների հետ զրույցում բոլորովին այլ բան էր ասել պահանջվող փաստաթղթի մասին. «Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»:

    Ինչևէ, 2019թ. փետրվարի 8-ին ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանեց Հալեպ:

    Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն անմիջապես արձագանքեց՝ ընդգծելով, որ չի պաշտպանում Սիրիայում ՀՀ զինված ուժերի հետ ներգրավվածությունը:

    «Չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», – ասված էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խիստ հայտարարության մեջ։ Այդ օրերին Մոսկվայում հանդիպել էին նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. վերջինս շնորհակալություն էր հայտնել ՀՀ-ին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար:

    Միջազգային փորձագետներից շատերը ևս ահազանգում էին՝ հայ մասնագետների մուտքը Սիրիա բազում վտանգներ է պարունակում, որևէ կերպ երաշխավորված չեն մեր զինվորականների իրավունքները Սիրիայում, հայկական զորախմբի միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։ Հայկական համայնքային կառույցները թե՛ Սիրիայում, թե՛ Մերձավոր Արևելքի այլ երկրներում ի սկզբանե էլ խանդավառված չէին Փաշինյանի այս նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով իսլամական ահաբեկչության առկա վտանգները տարածաշրջանում:

    Չնայած երկրի արտաքին մարտահրավերներին, անվտանգության խնդիրներին, ապօրինի որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը զորախումբն ուղարկեց Սիրիա։ Նա չէր էլ թաքցնում, որ այդ ամենն անում է Ռուսաստանին, ավելի ստույգ՝ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին սիրաշահելու և նրա ջերմ վերաբերմունքին արժանանալու համար։ Շատերն էին հայ զինվորականների և հայկական սփյուռքի անվտանգության հաշվին Փաշինյանի՝ օրենքի շրջանցմամբ այս քայլը գնահատում՝ որպես ռևերանս, Մոսկվային հաճոյանալու ուղղակի քայլ, որով նա փորձում էր ուժեղացնել իր և իր իշխանության դիրքերը Ռուսաստանում:

    Եվ, այդուհանդերձ, միևնույն է, Մոսկվայի սիրտը «շահել» կարծես չի ստացվում։ Հիշեցնենք, նախկին իշխանություններին, ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը մշտապես մեղադրում էր Ռուսաստանի, Պուտինի հնազանդ կամակատարը լինելու, ինքնուրույնություն չունենալու և ՀՀ ինքնիշխանությունը տանուլ տալու փորձի մեջ, այն դեպքում, երբ իր պաշտոնավարման այս ժամանակահատվածում ոչ միայն հպարտությամբ հաշվում է, թե քանի անգամ է տեսնվել Պուտինի հետ, այլև, թե քանի անգամ է հեռախոսազրույց ունեցել։

    Գործադրված բոլոր ջանքերով հանդերձ՝  Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածությունն ակնհայտ է, չի անցնում։ Եվ դա պայմանավորված է ոչ միայն Փաշինյանի և նրա «Սորոս»-ական կառավարության հանդեպ անվստահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կատարվող հետապնդումներով (ռուսական պաշտոնական, առաջատար հեռուստաալիքները Ռոբերտ Քոչարյանին հստակ ներկայացնում են որպես քաղբանտարկյալ)։ ՌԴ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ և կրեմլյան փորձագետներ ցանկացած պատեհ առիթ օգտագործում են այդ վերաբերմունքն ի ցույց դնելու համար:

    Սրան զուգահեռ՝ գազի գնի շուրջ բանակցությունները ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև դեռ շարունակվում են։ 2013թ. համաձայնագրով ամրագրվել էր Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: Սկզբում Հայաստանը 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում էր 190 դոլար, հետո դարձավ 165 դոլար, այնուհետև գինը նվազեց՝ դառնալով 150 դոլար: Այդ պայմանագրի ժամկետը լրացել է 2018թ. վերջին:

    Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ գազի գինը սահմանին ռուսական կողմը բարձրացրել է 15 դոլարով, ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ  հայաստանյան սպառողի համար գազի գնի փոփոխություն տեղի չունեցավ։  «Գազպրոմը» սահմանին գազը 165 դոլարով վաճառում է ամբողջությամբ իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, սակայն այդ գազը սպառողին հասնում է 285 դոլարով: Բանակցությունները շարունակվում են կոնսենսուսային գին ձևավորելու նպատակով, քանի որ տեղի ունեցածն ընդամենը ժամանակավոր լուծում էր:

    Դեռևս 2018թ. դեկտեմբերին մենք տեղեկացրել էինք, որ ռուսական կողմը փաստի առաջ է կանգնեցրել ՀՀ կառավարությանը՝ նամակ հղելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որով տեղեկացվում էր գազի թանկացման մասին: Փաշինյան-Պուտին դրան հաջորդող բոլոր հանդիպումներում օրակարգի թիվ մեկ հարցերից էր գազի գինը:

    Ռուսաստանն այս ընթացքում կարծես չէր շտապում  արագացնել և վերջնական գին սահմանել։  Շուտով, իհարկե, հայտնի կդառնա որոշումը՝ որքան թանկացնել ՀՀ-ին մատակարարվող գազը։ Քաղաքական գործոնը հայ-ռուսական գազային բանակցություններում, ինչպես միշտ,  սկզբունքային կարևորություն ունի։ Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված փոխըմբռնման պակասն ակնհայտորեն արտահայտվում է այս բանակցություններում։ ՀՀ հեղափոխական իշխանությունների կողմից փոխադարձ կարևորություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների նկատմամբ պահվածքով էլ, թերևս, կհստակեցվի գազի գինը։

    Պահանջներ՝ գերտերություններից

    Եվ ահա։ 168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման փաստը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշևն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակությունը։

    Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ  Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաև նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետևանքներ կլինեն հարաբերություններում, այլև հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից։ Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև։ Վերջինիս մտահոգել է՝ ի՞նչ պատասխանել ԱՄՆ-ին։ Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին։

    Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձել են հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին։ Թե ինչ կորոշի և ինչպես կապատասխանի ռուսական և ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս հայտնի չէ։

    Իսկ այն, որ արտաքին քաղաքական մարտահրավերները հայկական դրոշի ներքո Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո սրվելու էին՝ զգուշացնում էին և ընդդիմադիր գործիչները, և փորձագետները։ Նախկին իշխանությունները կարողանում էին ավելի ճկուն գտնվելով՝ խուսափել նման խնդիրներից՝ պահպանելով աշխարհաքաղաքական բալանսը։ Փաշինյանն իր իսկ ձեռքով իր շուրջ օղակը օր օրի սեղմում է՝ չհետևելով բոլոր զգուշացումներին.  երբ զուտ իշխանություն պահպանելու համար արվում են նման չհաշվարկված քայլեր, հետևանքները ծանր են լինում։ Եվ առաջին հերթին՝ երկրի համար։ Ի դեպ, չմոռանանք՝ հընթացս եռում է Ամուլսարի «կաթսան»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս