09:46:26 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը

    06:08 1 Հուլիս 2012

     

    Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։

     «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

    Պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը ավագ քննիչի որոշմամբ առգրավվել է։ Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

     «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։

     Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

    Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։

     Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 30–ի երեկոյան նշված ռեստորանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին մի քանի հարյուր քաղաքացիներ։ Նոնավառության ակցիան ավելի ուշ վերածվեծ բողոքի ակցիայի, քանի որ մոմավառությանը զուգահեռ ռեստորանային համալիրի ներսում հարսանեկան արարողություն էր ընթանում։

     Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Հունիսի 29-ին ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս