01:57:33 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր

    12:24 25 Հունվար 2025

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

    Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև սերտ համագործակցային հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կնպաստեն երկու երկրների տնտեսական զարգացմանը՝ ինչպես երկկողմ փոխգործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում։

    Հանդիպմանը քննարկվել են մաքսային և հարկային փոխգործակցության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 2024թ․ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում համաձայնեցված՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանը։ ՊԵԿ նախագահը նաև ընդգծել է ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման կարևորությունը։

    Կողմերի միջև քննարկվել են նաև «Վերին Լարս» սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումների և օպերատիվ արձագանքմանն առնչվող հարցեր։

    Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ՊԵԿ ծառայողների համար նախկինում կազմակերպված ռուսերեն լեզվի կարողությունների զարգացման ծրագրերը:

    Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունը՝ սերտորեն համագործակցելու ընդհանուր նպատակներին հասնելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս