19:19:35 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչպես Մոսկվան կարող է գազի միջոցով ճնշում գործադրել Եվրոպայի վրա

    11:29 21 Հունվար 2022

    Եվրոպան այսօր բախվում է գազի դեֆիցիտի հետ՝ կապված նաև Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալի նվազեցման հետ: Դրա արդյունքում արձանագրվում է գների աճ: Սակայն Ռուսաստանի գազի մատակարարման վիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, քանզի Մոսկվան ծրագրում է նոր գազատար կառուցել դեպի Չինաստան՝ ամենամեծ գնորդին գազ վաճառելու նպատակով

    Սիբիրի գազային հանքերից Ռուսաստանն այսօր արդեն բնական գազ է մատակարարում Չինաստանին։ «Սիբիրի ուժը 1» անունը կրող գազամուղը բացվել է 2019 թվականին:

    ICIS կազմակերպության գազի հարցերով վերլուծության բաժնի ղեկավար Թոմ Մարզեկ-Մանսերի կարծիքով «Power of Siberia 1»-ն օգտագործում է այն գազը, որը միացված չէ այն հանքավայրերին, որոնք գազ են մատակարարում եվրոպական շուկա։ Այնպես որ, ըստ նրա, այս պահին խոսքը չի գնում Եվրոպայի հաշվին Չինաստան գազ մատակարարելու մասին:

    Սակայն իրավիճակը կարող է շուտով փոխվել: Մոսկվան և Պեկինը մոտ են երկրորդ՝ «Սիբիրի ուժը 2» խողովակաշարի շուրջ համաձայնության գալուն, որը կկրկնապատկի Ռուսաստանից Չինաստան գազի արտահանումը։ Այն կանցնի Մոնղոլիայի և Պեկինի մերձակայքում գտնվող արդյունաբերական շրջանների միջով:

    Այն նաև կմիանա Ռուսաստանի ներքին գազային ցանցին՝ Չինաստանը կապելով Ռուսաստանի Յամալի թերակղզու հանքավայրերի հետ, որոնք գազ են մատակարարում Եվրոպա:

    Թոմ Մարզեկ-Մանսերը շեշտում է՝ դա «Գազպրոմին»՝ որպես խոշոր արտահանող, հնարավորություն է ընձեռում գազն ուղղորդել մեկ շուկայի փոխարեն մյուսին: Դրանով Ռուսաստանը կարող է մեծ լծակներ ձեռք բերել: Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ կառույցի վերլուծաբան Ֆիլիպ Մեդունիկը պնդում է, որ տեխնիկապես դժվար է ասել, թե արդյոք գնագոյացման համակարգը ձևավորվելու է այնպես, որ հնարավոր լինի վաճառել գազ ամենաբարձր գնորդին, սակայն, ըստ նրա, Ռուսաստանը միանշանակ մտադրված է ձեռք բերել նման լծակներ:

    Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 հազարանոց զորք է կուտակել։ Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Ըստ վերլուծաբանների՝ Մոսկվան ունի այլ շարժառիթներ ևս՝ գտնելու իր գազի համար նոր շուկաներ:

    Սակայն չինական շուկայում հաստատվելը դյուրին չի լինի Մոսկվայի համար, ասում են վերլուծաբանները: Ըստ Մեդունիկի՝ Չինաստանը հայտնի է որպես բանակցային կոշտ գործընկեր, որը օգտագործում է իր քաղաքական, տնտեսական, նաև ռազմական դիրքն ու կշիռը: Պեկինն իրեն համարում է այստեղ ղեկավար, իսկ Ռուսաստանին դիտարկում որպես կրտսեր գործընկեր, գտնում է վերլուծաբանը։

    Ենթադրվում է, որ «Սիբիրի ուժը 2» գազատարի շուրջ գործարքը կարող է ստորագրվել հաջորդ ամիս Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, բայց դեռևս չկա որևէ պաշտոնական հաստատում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս