17:04:29 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սիրո կինո»՝ հեքիաթային happy end-ով. Միհրան Ծառուկյանի առաջին մենահամերգի ամենահիշարժան դրվագները (ֆոտո)

    20:13 18 Նոյեմբեր 2019

    Սիրո կինո՝ հեքիաթային ավարտով. այսպես կարելի է բնորոշել երգիչ-դերասան Միհրան Ծառուկյանի առաջին երեւանյան մենահամերգը, որը սկսվեց հանդիսատեսին ուղղված սիրո խոստովանությամբ եւ ավարտվեց սիրելիին՝ Արփիի Գաբրիելյանին արված ամուսնության առաջարկությամբ:

    Զույգի կյանքի հիշարժան իրողության մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին՝ ներկայացնելով գեղեցիկ դրվագի լուսանկարներն ու տեսանյութը: Այդ պահը, սակայն, մենահամերգի միակ հուզիչ դրվագը չէր:

    Երգիչը համերգային ծրագիրը սկսեց խորագրի համանուն երգով, որից հետո դիմեց հանդիսատեսին շնորհակալական խոսքով.

    «Չեք պատկերացնի, թե ինչպես եմ պատրաստվել այս օրվան: Մեկ առ մեկ շնորհակալ եմ բոլորիդ… Անչափ շնորհակալ եմ, որ այս օրն ինձ համար տոն դարձրիք: Այս կարեւոր պահին զգում եմ բոլորիդ ջերմությունը»:

    Միհրանի համերգային ծրագրի յուրաքանչյուր համար, ասես, մի առանձին շոու լիներ: Երգչին տարբեր ելույթների ժամանակ ընկերակցում էին հայտնի պարային բենդեր, այդ թվում՝ «Ամարաս»-ն ու Swag պարային համույթը: Համերգային ծրագրի ռեժիսորն Արթուր Մանուկյանն էր: Ծրագրի ընթացքում Միհրանը կատարեց իր երգացանկի ամենահայտնի հիթերը, եղան նաեւ զուգերգեր: Երգիչը մինչ մենահամերգը հայտարարել էր մրցույթ, որի հաղթողը կարող էր իր հետ ելույթ ունենալ համերգի ընթացքում: Այդպես էլ եղավ, իսկ երջանիկ հաղթողի դերում Մարիամ Առաքելյանն էր: Միհրանը երգեց նաեւ Արմինե Հակոբյանի, Ռաֆայել Երանոսյանի, Անդրանիկ Հարությունյանի, Ռիչարդ Մադլենյանի եւ Արփի Գաբրիելյանի հետ. վերջին զուգերգի ավարտից հետո էլ հնչեց երեկոյի կախարդական առաջարկությունը:

    Համերգի ընթացքում Միհրանը հատուկ երգ նվիրեց նաեւ իր մայրիկին: Երգիչը շնորհակալություն հայտնեց ընտանիքին՝ իր կողքին լինելու եւ աջակցության համար: Բեմում Միհրանը ստացավ բազում ծափահարություններ, նվերներ եւ ծաղիկներ, իսկ ետնաբեմում արդեն լուսանկարվեց ամենահամառ եւ համարձակ երկրպագուների հետ:

    Համերգից հետո «Սիրո կինոյի» գլխավոր հերոսը կիսվեց էմոցիաներով.

    «Սկզբում շատ հուզված էի, հետո հանդիսատեսի ջերմությունը տեսնելով՝ ուժ եկավ ինձ մոտ եւ սկսեցի ինձ ավելի ազատ զգալ բեմում: Սովորաբար միշտ է այդպես լինում»,-խոստովանեց նա՝ նշելով, որ պատահական չէր ընտրվել մենահամերգի օրը, քանի որ նոյեմբերի 17-ին նշվում է նաեւ Երիտասարդների միջազգային օրը: Իր այս համերգով երգիչը ցանկություն է ունեցել անակնկալ մատուցել նաեւ բոլոր երիտասարդներին:

    «Ամեն ինչ այնպես ստացվեց, ինչպես պատկերացնում էի: Փառք Աստծո, որ ամեն ինչ շատ լավ անցավ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, այն մեծ թիմին, որոնք օգնեցին ունենալ այս օրը»,-ուրախությամբ նշեց նա:

    NEWS.am STYLE-ը ֆիքսել է Միհրան Ծառուկյանի մենահամերգի ամենահետաքրքիր դրվագները, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

    Տեսանյութը՝ շուտով:

     

    Մանրամասն՝ style.news.am

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս