16:06:09 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան

    19:12 8 Դեկտեմբեր 2023

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին, որի ընթացքում քննարկվել են ծրագրի գործողություններն ու արդյունքները:

    Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

    ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել՝ նիստի արդյունքներով արձանագրվելու է ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաև վերհանվելու են ի հայտ եկած խնդիրները:

    «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է, հետևաբար ծրագրի արդյունքները մեզ համար կարևոր են ոչ միայն ծրագրի, այլև տվյալ ոլորտի առաջխաղացման տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

    Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ՀՀ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալների ընդլայնման և շարունակական զարգացման խնդիրը:

    Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև օրերս անցկացված երկօրյա աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացմանն ու խթանմանն ուղղված գործողությունների քննարկմանը:

    ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու Վերներ Թութը ևս շեշտել է՝ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։ Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցության ծրագրերի անհրաժեշտությանը՝ պատրաստակամություն հայտնելով այս առումով աջակցելու պետությանը:

    «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագիրն աշխատում է ՀՀ-ում դուալ կրթության ներդրման ուղղությամբ:

    «ՄԱՎԵՏԱ» ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի և Երևանի մասնաճյուղերի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի և Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի հետ։

    Ծրագրի ղեկավար կոմիտեի անդամների խոսքով՝ 2022 և 2023 թվականներին կազմակերպվել են ճանաչողական և ուսումնական այցեր դեպի Շվեյցարիա, որին մասնակցել են ինչպես մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ու քոլեջի ղեկավարներ, այնպես էլ՝ հենց աշխատանքային խմբի անդամներ: 2023 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում կազմակերպվել են մասնագիտությունների առաջխաղացմանը նվիրված օրեր, այցեր դպրոցներ, աշխատանքի տոնավաճառներ, ինչպես նաև վերապատրաստումներ գործընկեր ուսումնական հաստատությունների դասավանդողների համար:

    Ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը՝ ընկույզի և մրգերի մշակումը։

    ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ և համաֆինանսավորվում ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER), Իզմիրլյան հիմնադրամի և Վանանդ Ագրո ՓԲԸ-ի կողմից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս