07:30:08 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թրամփը որոշել է պայքարել սևամորթների ձայների համար

    12:55 29 Մայիս 2024

    ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի համար կարևոր է ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունը, ուստի նրանց քարոզարշավների թիրախներից են մաշկի մուգ գույն ունեցող ԱՄՆ քաղաքացիները։

    Նյու Յորքում՝ ընտրողների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփն իրեն վստահ էր զգում՝ նշելով, թե բոլոր ամերիկացիները կշահեն, եթե ընտրվի։

    «Կարևոր չէ՝ սև ես, շագանակագույն, թե սպիտակ, կամ ինչ գույնի էլ լինես։ Կարևոր չէ: Բոլորս ամերիկացի ենք և պատրաստվում ենք համախմբվել՝ որպես ամերիկացիներ»,- ասել է Թրամփը:

    Ջո Բայդենը Միչիգանում էր, և քաղաքացիական իրավունքների պաշտպանության տեղի ակտիվիստների հետ զրույցում ընդգծել է՝ մաշկի բոլոր գույներն ունեցող ամերիկացիները ներկայացված են իր կառավարությունում:

    «Մեր վարչակազմում աշխատում են ավելի շատ աֆրոամերիկացիներ, կանայք, փոքրամասնություններ, քան եղել է երբևէ, որևէ այլ վարչակազմում: Ահա թե ինչու, մեր գործերը լավ են առաջ գնում»,- ասել է Բայդենը:

    Գաղտնիք չէ, որ և՛ Թրամփի, և՛ Բայդենի համար որքան կարևոր են նաև սևամորթ ամերիկացիների ձայները, ուստի երկուսի քարոզարշավն էլ հատուկ տեղ է տալիս մաշկի մուգ գույն ունեցող ամերկացիներին, որոնց քվեն կարող է որոշիչ լինել հատկապես, այսպես կոչված, տատանվող նահանգներում։

    Pew Research Center-ի տվյալներով, 2024 թվականին սևամորթ ամերիկացիների համար հիմնական խնդիրներն են կրթության բարելավումն ու տնտեսության ամրապնդումը։

    Թրամփը վստահեցնում է՝ երկու խնդիրներին անդրադարձն իր առաջնությունների ցանկում է։

    «Մեր դպրոցները վերստին կդարձնենք հաջողակ: Կվերադարձնենք բարեկեցությունը յուրաքանչյուր թաղամաս՝ մեր երկրի ամենամեծ քաղաքի յուրաքանչյուր թաղամաս»,- ասել է Թրամփը:

    Նյու Յորքում սևամորթ ամերիկացիներին ուղղված Բայդենի քարոզարշավի առանցքային բացադրիչներից է Թրամփին պատկերող այս տեսանյութը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս