01:55:58 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Video. Բարսելոնայում արտակարգ իրավիճակ է.Արման Մայիլյան

    11:07 18 Օգոստոս 2017

    Oգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, միկոավտոբուսը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով ավելի քան 100  մարդու: Ահաբեկչությանպահին հազարավոր մարդիկ են զբոսնել ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված Fiat-ը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ, չկողմնորոշվելով, պարզապես վազել են փողոցով:

    Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ:

    Araratnews.am-ին հաջողվեց կապ հաստատել Բարսելոնայում բնակվող գործարար, Բարսելոնայում հայ համայնքի (պաշտոնապես ձեւավորված չէ) աջակից Արման Մայիլյանի հետ, ով հայտնեց, որ այս պահին քաղաքում հայտարարված է լռության րոպե ի հիշատակ զոհերի: «Հիմնականում լռության րոպե հայտարարված է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, բայց ես հիմա անցնում եմ փողոցներով, մարդիկ դրսում կանգնած հարգանքի տուրք են մատուցում եւ դատապարտում են»,- ասաց Մայիլյանը:

    Արման Մայիլյանն ասաց, որ տեղի ունեցածը մտահոգել է հայերին: Նա նշեց, որ երեկ փորձել է ճշտել, թե տուժածների մեջ կան արդյո՞ք  հայեր: Ավելի ուշ պարզվել է, որ ահաբեկչությունից հայեր չեն տուժել: «Բոլորի մոտ է մտահոգիչ, որովհետեւ Բարսելոնայում տեղի ունեցածը անսպասելի էր, թեկուզեւ լուրեր կային, որ մի ամիս առաջ տեղի ԱԱԾ-ն տեղյակ է պահել, որ ահաբեկչության վտանգ կա, բայց հավատացողներ չեն եղել: Սակայն փաստն այն է, որ երեկ եղավ, եւ ցավալի է»,- ասաց գործարարը: Նրա խոսքով` քաղաքում արտակարգ իրավիճակ է: Սահմանված է ուժեղ հսկողություն:

    Արման Մայիլյանը նշեց, որ տեղի ունեցածը խիստ դատապարտելի է: Նա ահաբեկչությունը համարում է փոքր ու վախկոտ մարդկանց արարք: Ահաբեկչության հետեւանքով հինգ երեխա է զոհվել:
    Միեւնույն ժամանակ գործարարը նշեց, որ դեպքի վայրում եղել են հայ զբոսաշրջիկներ, ովքեր բարեբախտաբար չեն տուժել:

    Նշենք, որ Իսպանիայի Ռիպոլ քաղաքում ոստիկանները ձերբակալել են Բարսելոնայի ահաբեկչության երրորդ կասկածյալին. հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով El Pais գործակալությանը:

    Հատուկ ծառայությունները շարունակում են փնտրել ևս երկու կասկածյալի: Ստուգվում է նաև երրորդ ֆուրգոնի մասին տեղեկությունը, որը, հնարավոր է, վարձակալվել է ահաբեկիչների կողմից հարձակումներ իրականացնելու համար:

    Ներկայացնում ենք նաեւ կադրեր ահաբեկչության վայրից, որը Araratnews.am-ին է տրամադրել հայ գործարարը: Մեծաթիվ քաղաքացիներ են հավաքված դեպքի վայրում, ովքեր դատապարտում են տեղի ունեցածը:

    Փայլակ Ֆահրադյան 



    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս