17:20:37 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. «Հայաքվե»

    11:14 13 Հունիս 2024

    «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը վճռականորեն դատապարտում է նախօրեին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում` հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ` անդամահատվել են:  Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը::
    Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ծավալուն քննության առարկա պետք է դառնա, թե հատկապես ում հրամանով և ինչ պատճառաբանությամբ են հատուկ միջոցներ կիրառվել, և թե ինչու է դրանց կիրառումը նման ծանր հետևանքների հանգեցրել:

    Ոստիկանության փոխարեն Հայաստանում անթաքույց սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ: Այն գործում է վարչախմբի պարագլխի ապօրինի ցուցումներով և բացառապես նպատակ է հետապնդում ահաբեկելու և խոշտանգելու խաղաղ ցուցարարներին:

    Տասնյակ տեսանյութերն ու հարյուրավոր լուսանկարները վկայում են, որ ոստիկանական բանդաներն առանձնակի դաժանությամբ են բերման ենթարկել, ծեծել և հայհոյել ցուցարարներին, այդ թվում` ոստիկանական մեքենաներում, քաղաքացիների, այդ թվում` լրագրողների նկատմամբ թիրախային կերպով կիրառել են հատուկ միջոցներ:

    Առանձնակի դատապարտում ենք մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանի հանդեպ անմարդկային խոշտանգումն ու պահանջում պարզել ու պատժել մեղավորներին:

    Պահանջում ենք անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ: Հետամուտ ենք լինելու նրանց նույնականացմանն ու հանրային պարսավանքին:

    Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման` որպես տեղում քաղաքացիների դեմ վայրագությունները ղեկավարած անձ: Նրա դեմ ևս անխուսափելիորեն պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: Ապօրինի հրաման կատարող ցանկացած ոստիկան իշխանազավթ վարչախմբի հանցակիցն է և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության:

    Ի վերջո, ոստիկանական վայրագությունների քաղաքական պատասխանատու և ԱԺ ամբիոնից դրանք քաջալերող Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ենթարկվի արդարացի քրեաիրավական պատասխանատվության:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս