13:10:32 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Յուրի Խաչատուրովը Ապրիլյան պատերազմի ժամանակ 20 օր բունկերից դուրս չի եկել, Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները զրպարտություն են. Խաչատուրովի ներկայացուցիչ

    10:05 14 Օգոստոս 2019

    ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը, ով փոխարինել է Գրիգոր Բեքմեզյանին: Վերջինս ԱԺ-ի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին այսօր դատական նիստին հայտարարեց Անահիտ Սարգսյանը:

     

    Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝  իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:

    Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչն ասաց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարություններն ունկնդրի մոտ տպավորություն են թողնում, թե դրանք վերաբերում են Խաչատուրովին և ընդհանրական բնույթ չեն կրում:

     

    Անահիտ Սարգսյանն ասաց. «Շատ կարևոր եմ համարում նաև նրա ներդրումը: Նա «Անդրանիկ Օզանյան» շքանշան է ստացել հայկական բանակի կայացման, ամրապնդման գործում զգալի ավանդի համար: Ապրիլյան պատերազմի առաջին օրը՝ հենց գիշերը Յուրի Խաչատուրովը 10-15 րոպե հետո գնացել է համապատասխան վայր և մի քանի օր, ըստ տվյալների՝ 20 օր, բունկերից դուրս չի եկել: Այդ պատճառով էլ, ես գտնում եմ, որ նման մարդու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը զրպարտություն է, արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Որևէ խոսքի ազատություն չի կարող լինել հիմք, որ նման անձի վերաբերյալ նման տեղեկություն հրապարակվեն: Սա քննադատություն չէ, սա մեղադրանք է պետական դավաճանության մեջ մի մարդու, ով բացի պետությունն ու հայրենիքը պաշտպանելուց, ուրիշ ոչինչ չի արել»:

    Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները զրպարտություն չեն, քննադատության սահմաններում են:

    Նա նաև դատարանին հայտնեց, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին գրություն է ուղարկել: Նա խնդրել է տեղեկացնել, թե արդյո՞ք քննության առարկա դարձնելու է նաև Յուրի Խաչատուրովի մասնակցությունը ապրիլյան ռազմական գործողություններին։ 

    Նա պնդում է, որ կոնկրետ անձի չեն վերաբերում Գրիգորյանի հայտարարությունները:

    Նշենք, որ   Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, ապրիլյան պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ